Նյուրնբերգում շատ եմ եղել։ Քաղաքը լավ չգիտեմ, որովհետև միշտ զբաղված եմ եղել, բայց ինչ-որ բաներ տեսել եմ։ Դեռ դպրոցական տարիներից Նյուրնբերգը մեզ թվում ա մի հսկայական դատարան, որտեղ անընդհատ դատում են ֆաշիստներին։ Բայց հենց Նյուրնբերգի կայարանում դուրս ես գալիս գնացքից, տեսնում ես, որ ոչ մի դատարան էլ չկա։ Գողտրիկ, սիրուն քաղաք ա, որտեղ ժամացույցդ տրամվայի կանգառներով ես ստուգում, իսկ փողոց դուրս գալիս չգիտես՝ կոշիկներդ հագնե՞ս, թե՞ հանես։ Միջնադարյան ամրոց կա որի շուրջն էլ աճել ա քաղաքը։ Ամրոցի պարիսպներից մեկի տակ կարմիր լապտերների փողոցն ա, որտեղ տները մեծ ցուցափեղկեր ունեն, իսկ դրանց հետևում գրավիչ շորեր հանած հմայիչ կանայք գայթակղում են գրպանի հետաքրքիր պարունակություն ունեցող տղամարդկանց։ Իմ գրպանի պարունակությունը միշտ բավական ա եղել, որ շահեմ նրանց բարեհաճությունը, բայց ոչ մի անգամ չեմ արել։ Չեմ ուզեցել անցնել ցուցափեղկի մյուս կողմը, ինչպես չես ուզում, ասենք, մտնել Բրեյգելի նկարի մեջ ու խախտել հետաքրքիր կոմպոզիցիան։
Իսկ Բորմանի ու Հեսի դատավարությունից դեռ շատ առաջ՝ 15-րդ դարում, Նյուրնբերգում ծնվել ա Գերմանիայի ամենահանճարեղ նկարիչը՝ Ալբրեխտ Դյուրերը։ Հիմա Դյուրերը Նյուրնբերգի այցետոմսն ա. նրա անունով ինչ ասես կա՝ էլ փողոց, էլ հյուրանոց, էլ ռեստորան․․․ Ռեստորանները լավ գիտեմ. ինչքան էլ զբաղված լինես, ուտել հո պետք ա։ Կա մի ռեստորան, որ կոչվում ա «Ֆիշհաուս»։ Տիրուհին մի շատ սիրուն աղջիկ ա, հենց ինքն էլ սպասարկում ա։ Ուրեմն՝ ճաշացանկում մի կերակուր կա, կոչվում ա ասորտի՝ ոնց որ մեր խառը կանաչին։ Մի հսկայական սկուտեղով բերում են լիքը, բազմազան ծովային կենդանիներ։ Քեզ թվում ա, թե մի հինգ հոգով հազիվ հախից գաք, բայց սկսում ես ուտել՝ ուտում-ուտում ես, ուտում-ուտում ես, վերջանում ա, սոված ես մնում։ Բայց ծովային համերի մի ամբողջ սիմֆոնիա ես վայելում։ Հետո՝ կա մի մեծ գարեջրատուն, որտեղ տավարի հսկայական տոտիկ են տալիս՝ մեր խաշի դեսերտային տարբերակը։ Շատ համով ա։ Կամ էլ մտնում ես սրճարան ու տաք գինի խմում, որից հարբել չկա։
Մեկ էլ՝ Նյուրնբերգը Հիտլերի սիրած քաղաքն ա եղել։ Մի երեկո ընկերոջս հետ մեքենայով շրջում էինք։ Ընկերս ինձնից մի երեսուն տարով մեծ անգլիացի էր, որ հասցրել էր տեսնել Լոնդոնի ռմբակոծությունները։ Մեկ էլ, հանկարծ, մթնշաղի մեջ աչքներիս առաջ բուսնեց մի հսկայական մարզադաշտ՝ քարե պատերով։ Գորշ, կապարե երկնքի ֆոնին մռայլ, չարագույժ ամրոց էր հիշեցնում։ Ընկերս մեքենան կանգնացրեց ու ասեց՝ գիտե՞ս սա ինչ ա, Ադոլֆի մարզադաշտն ա։ Սառը դող անցավ մարմնովս. պատկերացրի հազարավոր խանդավառված գերմանացիներին, որ մեր մեքենան տրորելով գնում են դեպի մարզադաշտ, որ լսեն Ադոլֆի կրակոտ ճառն իրենց պայծառ ապագայի մասին։ Ոգևորված ամբոխն իմ մեջ միշտ սրսուռ ա առաջացրել․․․
Նյուրնբերգում մի մեծ կենտրոն կա, որտեղ ցուցահանդեսներ են անցկացվում, ու ամեն տարի էդ կենտրոնում կազմակերպվում ա խաղալիքների ցուցահանդես՝ աշխարհի ամենամեծ ու հեղինակավոր ցուցահանդեսը։ Մի վեց-յոթ հսկայական սրահում՝ ամեն մեկը, երևի, մի մարզադաշտի չափ, ցուցադրում են աշխարհի բոլոր մեծ ու փոքր արտադրողների, վաճառողների, վերավաճառողների խաղալիքները։ Մեծ ընկերությունները հսկայական տաղավարներում ցուցադրում են իրենց նոր հավաքածուները։ Ինչ խաղալիք մտքովդ անցնի՝ կա, ինչ մտքովդ չանցնի, էդ էլ կա՝ էլ իսկական մեքենաների փոքր մոդելներ, էլ նորածնից չտարբերվող տիկնիկներ, էլ երաժշտական գործիքներ, էլ երգող ու պարող կենդանիներ, մուլտերի հերոսներ, կոնստրուկտորներ, ներկեր․․․ առանձին սրահներ կան կոլեկցիոն մոդելների համար, տոնածառի խաղալիքների համար։ Ամբողջ աշխարհից ցուցահանդես են գալիս գործարարներ, մարկետոլոգներ, ժուռնալիսնտներ, միլիոնավոր դոլարների պայմանագրեր են կնքվում, համատեղ ծրագրեր են կազմվում․․․ Սրահներում երեխա, իհարկե, չես տեսնի. ոչ մի երեխայի հոգեկան աշխարհ չի դիմանա էդ առատությանը։
Ես արդեն շատ վաղուց Նյուրնբերգ չեմ գնում. էս հիշողություններն անցյալ հազարամյակից են, երբ բջջային հեռախոսները դեռ մեծ ու ծանր էին ու էկրան չունեին։ Բայց ամեն անգամ իմ հիշողությունների փողոցներում շրջելիս հենց հասնում եմ Նյուրնբերգի նրբանցքին, մի պահ կանգ եմ առնում, որ վայելեմ դրա ջերմությունը։
Հենրիկ Պիպոյան